Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հունվարյան աճը հակասում է տրամաբանությանը

Հունվարյան աճը հակասում է տրամաբանությանը
25.02.2013 | 17:34

Սովորաբար նախընտրական և ընտրական շրջանում տնտեսական դաշտում գործընթացները հիմնականում դանդաղում են, և էական զարգացում այդ ժամանակահատվածում չի լինում: Համենայն դեպս, դա է վկայում Հայաստանի 25-ամյա անկախության քրոնոմետրաժը: Դա բնական է, քանի որ ընտրությունները սպասումների շրջան են:

2013-ի նախագահական ընտրությունները, ըստ պաշտոնական վիճակագրության, բացառություն են կազմել: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` նախընտրական գործընթացները տնտեսության վրա ոչ միայն ազդեցություն չեն ունեցել, այլև անցած տարվա հունվարի համեմատ այս տարի հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության բարձր մակարդակ: Աճը կազմում է 9,1 %: Հետաքրքիր է, որ ակտիվությունը բարձր է եղել հատկապես արդյունաբերության ոլորտում, որտեղ արտադրական ծավալը, ըստ վիճակագրության, ապահովել է երկնիշ աճ` 19 %: Գյուղատնտեսության արտադրության աճը կազմել է 2,1 %:
Եվ այսպես, թվերը խոսուն են և, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա նշանակում է, որ մեր գործարար խավի մտածողության մեջ իսկական հեղափոխություն է կատարվել: Եվ ամենակարևորը` հեղափոխություն է կատարվել Հայաստանի կառավարման համակարգում:
Եթե տնտեսական դաշտում գործընթացներն ակտիվանում են, այն էլ նախընտրական շրջանում, ապա նշանակում է, որ Հայաստանում գործարար աշխարհն իր սպասելիքները չի կապում ընտրությունների արդյունքի հետ։ Հետևաբար պետք է ենթադրել, որ գործարար աշխարհը, մասնավորապես խոշոր գործարարությունը, իշխանությունների հետ սերտ կապի մեջ չէ: Բայց սա արդյոք լինելո՞ւ բան է, ավելի շատ երազի է նման: Հայաստանի նման երկրում, որտեղ մեկը մյուսին սանիկ-բարեկամ է, ոչ թե համակարգն է թելադրում քաղաքականություն, այլ անհատը: Այս «քաղաքականությունը» դրվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, և մինչ օրս էլ այն ոչ ոք չի փոխել: Այսինքն` նախընտրական գործընթացներն ուղղակիորեն միահյուսված են տնտեսությանը:
Իսկ այս տարվա նախընտրական հունվարին արձանագրված տնտեսական ակտիվության աճը, հակառակ նշված իրողությանը, շատերին է զարմացրել: Թերևս չզարմանանք, եթե փաստենք, որ այդ աճը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործոնով: Չմոռանանք , որ ընտրություններից շատ առաջ, դեռևս աշնանը, Սերժ Սարգսյանը մատ թափ տվեց գործադիրի վրա, ինչից հետո գործարարներն իրենց «գոտիները» ձգեցին: Այնպես որ, չի բացառվում, որ խոշոր գործարարները ովքեր միշտ էլ իշխանությունների կողքին են, փորձել են անել ամեն ինչ, որ տնտեսական ակտիվությունը մեծանա: Հակառակ դեպքում կստացվեր, որ նրանք ՀՀ նախագահի խոսքը գետնով են տալիս:
Իսկ եթե վերլուծենք ԱՎԾ-ի նույն տվյալները, ապա պարզ է դառնում, որ մեր տնտեսությունը հունվարին ոչ թե զարգացում է ապրել, այլ հետընթաց: Պաշտոնական տվյալներով` չնայած 2013-ի հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության 9,1 % -ոց աճ, սակայն 2012-ի դեկտեմբերի համեմատ այդ նույն ակտիվությունը նվազել է 50 %-ով: Չնայած թվերը մտահոգիչ են, այնուհանդերձ որոշ փորձագետներ այն բնական են համարում և նվազեցումը պայմանավորում են սեզոնայնությամբ: Բացառելով այս տեսակետը, նկատենք, որ տնտեսության ՀՆԱ-ի մեջ առյուծի բաժինն ընկնում է շինարարության ոլորտին, որը, ըստ ԱՎԾ-ի, այս տարի դարձյալ անկում է ունեցել: Ի դեպ, շինարարության ոլորտի «խելքը գլուխը չի գալիս» դեռևս 2009-ի տնտեսական ճգնաժամից: Գուցե այս տարվա գարնանից որոշակի դրական տեղաշարժ խոշոր առումով ոլորտում լինի` պայմանավորված Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմամբ, որն արդեն սկսվել է: Այս ծրագիրը նպաստավոր կարող է լինել նաև ներդրումների մասով: Արտադրողների միության նախագահի տվյալներով` ՀՆԱ-ում ներդրումները կազմում են ընդամենը 3 %: Սա նշանակում է, որ այս տարվա նախընտրական և ընտրական շրջանում ո՛չ գործարարների, ո՛չ էլ ընդհանուր առմամբ կառավարման համակարգում հեղափոխություն չի կատարվել, և գործարար աշխարհը, ինչպես ամեն ընտրություններին ժամանակ, այս անգամ ևս սպասել է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ